Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Թշնամին 21-րդ դարով հարվածում էր մեր միջնադարին

Թշնամին 21-րդ դարով հարվածում էր մեր միջնադարին
01.10.2024 | 09:44

Լուր առանք, որ սահմանի վրա էլի պրովոկացիա ա եղել. հաճախ էր լինում, արդեն սովորել էինք։ Մյուս օրն իմացանք, որ լուրջ պրովոկացիա էր։ Հետո լսեցինք, որ ապրիլյան պատերազմի նման մի բան ա սկսվել։ Ավելի ուշ ասեցին, որ սա նման չի մյուս ընդհարումներին, շատ ավելի լուրջ ա։ Իսկ հետո ՊԱՏԵՐԱԶՄ բառը սկսեցին մեծատառերով արտասանել, ծանր, ողբերգական, ու գլխի ընկանք, որ շատ լուրջ բան ա սկսվել՝ էնքան լուրջ, որ սովորական բառերով չեն կարողանում բացատրել․․․ կամ էլ վախենում են՝ ասեն։ Ասում էին՝ սա նման չի մյուս պատերազմներին, սա 21-րդ դարի պատերազմ ա։ Թե ինչ էր թաքնված էդ զարհուրելի արտահայտության տակ, էնքան էլ պարզ չէր, բայց մենք շատ լավ հասկանում էինք, որ թշնամի՛ն ա 21-րդ դարի պատերազմ վարում մեր դեմ, իսկ մենք․․․ Մենք հո լուսնի վրա չէինք ապրում, շատ լավ գիտեինք, որ մենք 21-րդ դար չունեինք, մեր 21-րդ դարը կերել էին, լափել էին 5000 դրամանոց սուլթանիկնեըը․․․ Մեր 21-րդ դարը սառել-մնացել էր նրանց դղյակների պատերի մեջ, մաշվել-գնացել էր նրանց լակոտների շվայտության հետ, փոշիացել էր նրանց սիրուհիների գոհարեղենի մեջ․․․ Ուրեմն՝ թշնամին 21-րդ դարով հարվածում էր մեր միջնադարին, ու դա դեռ հերիք չէր, թուրքն էլ էր միացել էդ դժոխային խրախճանքին. թալեաթների, էնվերների, ջեմալների ուրվականները մարմին էին առել, դուրս էին սողոսկել պատմության դասագրքերից, որ ավարտեն իրանց կիսատ թողած գործը․․․

Հետո ջահելները սկսեցին հերթ կանգնել հավաքագրման կետերի մոտ, նստել ավտոբուսներն ու շարժվել ուղիղ դեպի երկինք։ Արյունդ սառում էր, երբ նայում էիր էդ ավտոբուսներին․․․ Պաշտոնական աղբյուրները խոսում էին մեր հաջողությունների մասին, նահանջող ու իր դիակներին տեր չկանգնող հակառակորդի մասին, բայց երկրի ղեկավարի շփոթված աչքերը, իրեն կորցրած տեսքը, հուսահատ տոնը բոլորովին այլ բան էին ասում։ Մղձավանջը մառախուղի նման իջել, նստել էր երկրի վրա, մշուշով էր լցվել ամեն անցք ու անկյուն. տեսանելիությունը՝ զրո։ Եթե խելագարված չես, նշանակում ա խելագարության եզրին ես։ Օրգանիզմդ հրաժարվում ա իր գործն անել, բոլոր ֆունկցիաները խափանված են, բայց դու չես էլ զգում․․․ կամ, ավելի շուտ, զգում ես, բայց բանի տեղ չես դնում, պետքդ չի։ Հուսահատ փորփրում ես ինչ-որ կայքեր, որ մի բան իմանաս, բայց ոչ մի բանի չես հավատում, ու անորոշությունն ավելի ա ուժեղանում, խեղդում ա։ Ինչ-որ արարածներ բազմոցին պառկած, դիպուկահարի հեռախոսները գրկած խրոխտ տողեր են երկնում, խիստ մասնագիտական խորհուրդներ տալիս, արդեն հաղթանակ են տոնում․․․ Քիչ ա մնում ամենավերջին բառերով հայհոյես, բայց մի կերպ զսպում ես քեզ․․․ Դրա ժամանակը չի․․․

Բայց ամենածանրը գիշերներն էին։ Պառկում ես, բայց ի՜նչ քնել։ Մտոլորտային ճնշումը պառկած մարմնի վրա բազմապատկվում էր, ճզմում, տափակացնում, դարձնում թիթեղ, իսկ նստած քնել չէր լինում, կանգնած էլ չէր լինում, ոչ մի դիրքում քնել չէր լինում․․․ Քնել չէ՛ր լինում։ Ախր, ո՜նց քնես, երբ գիտես, որ էս պահին տասնութ-քսան տարեկան երեխեքի գլխին երկնքից կրակ ա թափվում, ո՜նց քնես, երբ ամեն րոպե մեկը զոհվում ա, հաշմվում ա, գժվում ա, ո՜նց քնես, երբ դեռ դիակ չտեսած պատանին իր ընկերների դիակների հետևում ա թաքնվում, բա էդ երեխու մայրը ո՜նց չի խելագարվում, բա նրա ընկերների մայրերը, որ դեռ չգիտեն․․․ ու հենց հիմա՝ էս պահին, աղոթում են դիակի համար․․․ Ո՜նց քնես։ Օրն ու գիշերն իրար էին խառնվել։ Գլխացավն ապրելակերպ էր դարձել։ Չէ՛, գլուխը չէր ցավում, ուղեղն էր ցավում, մտքերն էին ցավում․․․

Հետո մի օրում ամեն ինչ պարզ դարձավ, մառախուղը ցրվեց, ու տակից ավերակները դուրս եկան։ Սերունդ կորցրած, հաշմանդամ ազգը սկսեց ցնցվել ֆանտոմային ցավերից, ատելությունն ալիք տվեց ու լցվեց փողոցները։ Չէ, պատերազմը չվերջացավ, պատերազմը հենց էդ պահին սկսվեց:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7684

Մեկնաբանություններ